«ՈՒղիղ մեկ տարի անց` ապրիլի 24-ին կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իսրայելի խորհրդարանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի պատմական այս իրադարձության վերաբերյալ»,- այս մասին նշել է իսրայելցի քաղաքական գործիչ, «Մերեց» կուսակցության նախագահ Զահավա ԳԱԼԻՈՆԸ` zahav.ru լրատվական կայքում զետեղված իր հոդվածում: Նա համոզված է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ոչ թե քաղաքական խնդիր է, այլ բարոյական պարտք: Ըստ իսրայելցի քաղաքական գործչի` անհասկանալի է նաև, թե ինչու են մինչ օրս թուրքերը հրաժարվում պատասխանատվությունից: Թուրքական հանրապետության հետ Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը հասկանալով, միաժամանակ, Զ. Գալիոնը չի ընդունում` «չկան համապատասխան քաղաքական պայմաններ», «դա պամաբանների հարցն է» և նմանատիպ հայտարարությունները: «Հոլոքոստ ապրած մարդիկ չպետք է լռեն»,- ընդգծում է նա և հավելում,- թուրք գործընկերներին պետք է հասկացնել, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ պրովոկացիա է, ոչ էլ մարտահրավեր, այլ հրեա ժողովրդի բարոյական պարտքը»:
Հոդվածի ներքո զետեղված են իրարամերժ մեկնաբանություններ, քննարկումներ:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:
Նրա խոսքով` «Մերեցը» այն միակ կուսակցությունն է, որ ամեն տարի Կնեսեթում բարձրացնում է Ցեղասպանության հարցը: «Մերեցի» անդամներ Բեյլին, Յոսի Սարիդը մասնակցում են Երուսաղեմի հայության կազմակերպված ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Նրանք` Երուսաղեմի Հոլոքոսթի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Իսրայել Չառնու հետ այցելել են Հայաստան, արժանանացել ՀՀ շքանշանների`Ցեղասպանության ճանաչման հարցում ունեցած ավանդի համար:
Կոմպոզիտորն ասաց, որ Սարիդին նվիրել է իր «Սիփանա քաջեր»-ի պարտիտուրը, ավելին, մշակույթի նախարար եղած ժամանակ, Յոսի Սարիդը նպատակ է ունեցել դպրոցներում պարտադիր մտցնել ցեղասպանության թեման, սակայն իշխանությունը թույլ չի տվել: Զրույցի ընթացքում Նուբար Ասլանյանը մի պատմություն վերհիշեց. «Ամեն տարի ապրիլի 24-ին Երուսաղեմի Հրեական համալսարանի հայկական ամբիոնը կազմակերպում է հուշ երեկո նվիրված Ցեղասպանությանը: Ամեն տարի ես ստանում եմ հրավերք: 2005-ին ես, տիկինս, դուստրս և որդիս ելույթ ունեցանք: Նրանք նվագեցին Կոմիտաս,Խաչատրյան,Բաբաջանյան, իսկ ես դիմեցի խորամանկ քայլի (կամուրջ գցելու համար Հոլոքոսթի և մեր Ցեղասպանության միջև) ու նվագեցի «Իդիշե մամա», ինչպես որ մեր «Դլե յամանը» կամ «Ադանայի ողբը»: Եվ ամենահետաքրքիրը, ինձ հետ սկսեց երգել (չէինք պայմանավորվել) Իսրայել Չառնին՝ Երուսաղեմի Հոլոքոսթի և ցեղասպանության ինստիտուտի տնօրենը::
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ